Շատերն այն կարծիքը, նույնիսկ համոզմունքն ունեն, որ Սերժ Սարգսյանն իշխանության ղեկին մնալու է նաև 2018 թ-ի արիլից հետո, երբ ավարտված կլինեն նրա նախագահական լիազորությունները:
Նույնիսկ այն հանգամանքը, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակն ապաքրեականացված ու ապաօլիգարխիկ է` հակափաստարկ չէ նման տեսակետ ունեցող մարդկանց համար: Ի վերջո, կառավարող կուսակցության առաջին հորիզոնականում մարդիկ են, ովքեր իրենց քաղաքական հաջողություններով պարտական են բացառապես գործող նախագահին: Բացի այդ, Սերժ Սարգսյանն ունի ռեզերվ` ի հաշիվ ռեյտինգային ցուցակների, ուժային կառույցների, ԵԿՄ-ի և այլն:
Ըստ մեկ այլ վարկածի` եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը մյուս տարի իշխանությունից հեռանա, այն հանձնելու է իր թերևս ամենավստահելի մարդուն` Վիգեն Սարգսյանին: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը: Ի դեպ, նրա երեկվա ելույթը
Մյունխենում` անվտանգության համաժողովի շրջանակներում, նման էր «իշխանության ժառանգորդի» միջազգային բեմելի:
Եվ վերջապես, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը հետևողականորեն փոխանցում է Կարեն Կարապետյանին: Վարչապետն իշխանության միակ գործիչն է, ով ունի բարձր վարկանիշ, հրապարակային քարտբլանշ նույն Սերժ Սարգսյանի կողմից:
Սակայն` անկախ այն հանգամանքից, Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կպահպանի իշխանությունը, թե կփոխանցի մեկ ուրիշին` ՀՀԿ-ին ապագա խորհրդարանում անհրաժեշտ է գոնե հարաբերական մեծամասնություն, որպեսզի ՀՅԴ-ի կամ գուցե նաև այլոց հետ` բեմականացնի «ազգային հանաձայնություն» քաղաքական ներկայացման տարբերակներից մեկը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ